նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Զե՛րծ մնացեք պատերազմում կրած անհաջողությունը փորձառու հրամանատարների վրա բարդելու քայլերից․ՀՀ ԳԱԱ-ի կոշտ պատասխանը՝ ՀՀ իշխանություններին

Զե՛րծ մնացեք պատերազմում կրած անհաջողությունը փորձառու հրամանատարների վրա բարդելու քայլերից․ՀՀ ԳԱԱ-ի կոշտ պատասխանը՝ ՀՀ իշխանություններին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը  հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, պայմանավորված երկրում ամիսներ շարունակվող քաղաքական ճգնաժամի օրեցօր խորացմամբ, անհրաժեշտ է համարում հանդես գալ նոր հայտարարությամբ։

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն լուրջ քայլեր չեն ձեռնարկել ստեղծված աշխարհաքաղաքական ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ, այլև անհեռատես նոր քայլերով խորացրել են ընդհանուր ճգնաժամը։

Ի պատասխան  հրաժարական ներկայացնելու վերաբերյալ՝ ՀՀ Գլխավոր շտաբի պետի և բազմաթիվ բարձրաստիճան այլ զինվորականների սույն թվականի փետրվարի 25-ի պահանջի,    վարչապետը, հանդես գալով ՀՀ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին միջնորդությամբ, փաստորեն վտանգում է տարածաշրջանում ստեղծված փխրուն խաղաղությունը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այն դեպքում, երբ այսօր էլ որպես հայրենաբնակ հայության անվտանգության գլխավոր երաշխավոր շարունակում է մնալ Հայոց բանակը։

Խորապես գիտակցելով պահի լրջությունը՝ իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ մեր ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից»։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջեց ՀՀ կառավարության հրաժարականը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը մասնավորապես հանդես էր եկել Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ, որի մեջ ասված էր․

«Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի խաղաղապահներին համարում ենք Արցախի հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան և հայրենազրկման քաղաքականությունից փրկության և տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավոր»,–նշված էր հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ԳԱԱ–ն բարձր էր գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքի պահպանման գործում և կոչ էր արել ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը և արդիականացմանը։ 

Բացի այդ, Ակադեմիայի նախագահությունը խստագույնս դատապարտել էր տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։

Հատկանշական է, որ հայրենի գիտական կաճառի ղեկավարությունն անթույլատրելի էր համարել հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը: 

Similar Posts