նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

Թուրքը կլսի՝ կուրախանա․ծաղրողներից մինչև ծափ ու հող տվողներ


Եթե առաջ մենք և օտարները հպարտությամբ նշում էինք, թե Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ապա չարաբաստիկ 2020-ից ու Արցախյան վերջին պատերազմից հետո, ցավոք, կարելի է ասել, որ Հայաստանը շիրմատուն է բաց երկնքի տակ։

Ակներև է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մասին գրեթե ամեն ինչ գիտեն։ Մենք գիտենք, համոզվել ենք, որ Բաքու-Անկարա տանդեմը թշնամի է հռչակել համայն հայությանը, Արցախին, Հայաստանին, հայկական Սփյուռքին։ Եվ հնարավոր բոլոր պատեհություններով խոցում է, զարկում, իրականացնում իր պանթուրքիստական ու եղեռնագործ ծրագրերը։

Իսկ ի՞նչ գիտեն մեր մասին մեր հարևան ու ոչ բարեկամ երկրները։ Որքան էլ ցավալի՝ ամեն ինչ, վտանգավոր մանրամասնության չափ ամեն ինչ։

Հիշո՞ւմ եք, ժամանակին մի արտահայտություն կար, թուրքը կլսի՝ կուրախանա։ Եվ այդկերպ արտահայտվողներին քննադատում էին որպես կանոն նրանք, որոնք այսօր տաքուկ ծվարել են իշխանական բազմահարկ օթյակներում։

Բանակի թեման, ընտանեկան բռնությունների թեման,մի շարք նուրբ ու ցավոտ հարցերը կասկածելի ուսումնասիրության, պատվերի և ֆլեշմոբի վերածած ապազգայինները ի վերջո հասան նրան, որ մենք բաց գիրք ենք թշնամիների առջև։

Օտարամոլ թուրքամոլների և սորոսահպատակ ուժերի տարիների հետևողական աշխատանքի «պտուղները» վայելում ենք այսօր։

Նրանց ու այսօր իշխանության թիրախում են բանակը (վարչապետն օրերս նույնիսկ հայտարարեց, թե մտադիր են կրճատել ժամկետային զինծառայության ժամկետը, մասնավորապես՝ 5 տարին մեկ անցկացնել եռամսյա հավաք․միտքը աբսուրդային, անհասկանալի լինելուց զատ առաջին հերթին շատ վտանգավոր է պատերազմից հետո Հայաստանում և Արցախում առկա անվտանգային ահռելի մարտահրավերների պայմաններում-խմբ․)։

Նրանց ու այսօր իշխանության թիրախում են գեներալիտետը․ Հայ Առաքելական եկեղեցին, Հայ ընտանիքը՝ մարդու իրավունքների և ազատությունների կեղծ պաշտպանությամբ, Հայ դպրոցը և այլ հիմնասյունային արժեհամակարգեր։

Թուրքը կլսի՝ կուրախանա արտահայտությունը ծաղրողներն իրականում մեծ կրկեսի ծաղրածուներ են, որոնք նաև ծափ տվողներ են՝ հող տվողի սազանդարի կարգավիճակում։

Իսկ թշնամին օրական, տեղեկատվական բաց աղբյուրներից բացի, տեղեկանում է նաև հույժ գաղտնի ինֆորմացիայի, երբ, ասենք, Նիկոլ Փաշինյանը, Օնիկ Գասպարյանին հեղինակազրկելու և մեղադրելու մոլուցքով տարված, պատրաստ է նույնիսկ հրահանգել ԱԽ-ին՝ հրապարակելու կառույցի գաղտնի նիստերի արձանագրությունների որոշ հատվածներ․․․

Իսկ մենք փոխանակ լուրջ դասեր քաղելու, խորացնում ենք ճգնաժամը՝ զուգահեռաբար նաև պաշտոնապես հաճախ անգիտակցաբար ակնարկելով, որ ՌԴ-ն այնքան էլ մեր սրտով գործընկեր չէ։ Ավելին, մի շարք պաշտոնյաներ խոսում են Թուրքիայի հետ երկխոսության օգտին։

Սա ճանապարհ չէ։ Սա ինքնասպանություն է։ Իշխանությունները՝ մի կողմ, սա կարող է ինքնասպանություն լինել մի ամբողջ ժողովրդի համար։

Ռուբեն Արամյան

Similar Posts