Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

Մակրոն․ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից

«Այս աշխատանքային այցը տեղի է ունենում Հայաստանի համար կարևոր պահի, որը կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ` սպառնացող նրա անվտանգությանը», -հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Ելիսեյան պալատում հանդիպման մեկնարկին։

Մակրոնի խոսքերով, նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ավելի քան 6 ամիս է անցել և եթե ընդհանուր առմամբ այն պահպանվում է, դեռ շատ բան կա անելու ու Ֆրանսիան պատրաստ է աջակցելու։ Մակրոնը նշեց, որ պետք է ազատ արձակվեն բոլոր ձերբակալվածները՝ ինչպես ռազմագերիներն, այլնպես էլ ձերբակալված մյուս անձինք։Մակրոնը կարևորեց նաև Լեռնային Ղարաբաղում ժառանգության պահպանումը:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ միասին, Ֆրանսիայի պարտականությունն է ամեն ինչ անել դեէսկալացիայի ու երկխոսության վերականգնման համար՝ ներառյալ կողմերի միջև անմիջական երկխոսությունը»,-ասաց Մակրոնը։

Մակրոնը խոսեց վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման մասին։

«Ես կուզեի վերադառնալ նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին բռնի գործողություններին։ Ինչպես ասել եմ մայիսի 13-ին, սահմանների դելիմիտացիան երկու երկրների միջև պետք է տեղի ունենա բացառապես բանակցությունների միջոցով՝ առանց ուժի գործադրման։ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից: Ես կոչ եմ անում երկու կողմերին՝ վերադառնալ մայիսի 11-ի իրենց ելման դիրքեր»,- հայտարարեց Մակրոնը։

Similar Posts