նորություններ | Քաղաքականություն

Իմ ծառայությունը շարունակելու եմ այլ կարգավիճակով․ ի՞նչ է ակնարկում Օնիկ Գասպարյանը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ,

10․03․2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։
 
Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։

Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։

Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման»։

Ի դեպ, գեներալի այս ուղերձը հարուցել է լայն հանրության տարակուսանքը, մի կողմից՝ անհասկանալի է, թե ինչ է ակնարկում Օնիկ Գասպարյանը, կոնկրետ ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը, մյուս կողմից էլ՝ պնդում է, թե դիրքորոշումն անփոփոխ է։ Հարցերն ու հարցականներն իրոք շատ են․․․

Օնիկ Գասպարյանի հայտարարությանն արձագանքել են ԶՈՒ-ից։ Զինված ուժերի ղեկավար կազմը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։ Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին նշանակելու համար:

Similar Posts