Ինչպե՞ս ճնշել Բաքվին և ինչպե՞ս վերադարձնել հայ գերիներին․քաղաքագետն առաջարկներ ունի
Բանտարկյալների հարցը հենց այնպես չի լուծվի, ուստի մենք պետք է կարողանանք ադրբեջանական գերիների այնպիսի «պաշար» ձեւավորել, որպեսզի Բաքուն ստիպված լինի փոխանակման դիմի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքագետ Թեւան Պողոսյանը, գրում է News.am-ը:
Նրա խոսքով` մեկ այլ միջոց կարող է լինել նման պատժամիջոցների ֆոնի ձեւավորումը միջազգային ասպարեզում, որպեսզի ֆինանսական կորուստներից խուսափելու համար Ադրբեջանը համաձայնի վերադարձնել հայ գերիներին:
«Ցանկացած այլ դեպքում խնդիրը չի լուծվի: Հիմա Բաքվում ասում են, որ Զանգեզուրն իրենց է պատկանում` այնպես, ինչպես նաեւ իբր Գեղարքունիքի մարզն ու Երեւանը: Քանի դեռ ադրբեջանցիները չեն վերցրել Երեւանը, նրանք շահարկելու են այս հարցը», – շեշտել է Պողոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններին չհաջողվեց ամեն ինչ այնպես կազմակերպել, որպեսզի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը գերիների նոր «պաշար» չձեւավորի:
«Հակառակը, մենք ինքներս պետք է գերի վերցնեինք: Իսկ եթե բոլորին վախեցնել, որ պատերազմ կլինի, ապա հարց է առաջանում. իսկ ի՞նչ է` պատերազմն ավարտվե՞լ է: Մի՞թե Հայաստանի իշխանություններն իսկապես կարծում են, որ այն, ինչ ստորագրվեց նոյեմբերի 9-ին, խաղաղության պայմանագիր եւ պատերազմի ավարտ է»,- ասել է քաղաքագետը։
Պողոսյանը հավելել է, որ ՀՀ իշխանությունները սկսել են շահարկել գերիների վերադարձի հարցը` ասելով, որ իբր ընդդիմության որոշ հայտարարություններ կամ գործողություններ խանգարում են գործընթացին:
«Չէ՞ որ նրանք իրենք էին ասում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը զինադադար էր: Դա վկայում է այն մասին, որ պատերազմը չի ավարտվել, որի ընթացքում գերեվարումը սովորական երեւույթ է: Ընդհանրապես, եթե ներկայիս իշխող ուժը ցանկանում է օգտակար բան անել, ապա պետք է հրաժարական տա եւ պայմաններ ստեղծի ժամանակավոր կառավարության ձեւավորման համար»,- եզրափակել է Թեւան Պողոսյանը: