նորություններ | Քաղաքականություն

Լրագրողին հարվածած նախարարը ներողություն խնդրեց, բայց ոչ լրագրողից

Հայտնի միտքը կարծես հաստատվում է․Հայաստանում երբեք այսքան չեն ատել ԶԼՄ ներկայացուցիչներին և ոտնահարել լրագրողների իրավունքները, որքան նախկին լրագրող, այժմ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք։

Եվ ահա, այդպիսի մի դիպված էլ տեղի ունեցավ նախօրեին․ՀՀ Բարձրագույն տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Երևանյան սրճարաններից մեկում հարձակվել և մարմնական ու գույքային վնաս է պատճառել լրագրող Փայլակ Ֆահրադյանին։

Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ինքը լրագրողը։ Նրա խոսքով, ինքն ընդամենը փորձել էր ճշտել Արշակյանից, թե ինչու է աշխատանքային ժամին գտնվում սրճարանում, ինչից հետո նախարարը հետապնդել էր լրագրողին և սրճարանի երկրորդ հարկում բռունցքով հարվածել երիտասարդի դեմքին, ինչպես նաև վնասել նրա աշխատանքային համակարգիչն ու հեռախոսը։

Միջադեպին արձագանքել է օրվա «հերոսը»՝ նախարար Հակոբ Արշակյանը։ Նա հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․

«Սիրելի’ հայրենակիցներ,

Միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։

Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։

Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։

Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»։

Տեքստի հուզական՝ մարդկային մասը, կարծեք, հասկանալի է, բայց ակնհայտ է, որ այն լղոզված շարադրանք է, որտեղ այդպես էլ ԲՏ նախարարը ուղիղ, անվանական ներողություն չի խնդրում լրագրողից, այս դեպքում՝ Փայլակ Ֆահրադյանից։


Լրագրողի նկատմամբ իշխանության բարձրագույն ներկայացուցչի կիրառած ֆիզիկական ուժի անթույլատրելիության մասին խոսել են շատերը։ Անդրադառնալով կատարվածին, նախկին լրագրող, այժմ՝ ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշել է․

«Իշխանության ամենաթողության, ամբարտավանության ու անդաստիարակության հերթական ցայտուն դրսևորումը, որն իհարկե չեն դատապարտի իշխանության կարկառուն ներկայացուցիչները:

Օրը ցերեկով ամենավերջին խուլիգանի պահվածքով նախարար կոչվող անձը բռունցքներով հարձակվում է լրագրողի վրա, բռնություն գործադրում, վնասում գույքը… Համաձայնեք, որ ամբողջ օրը ժողովրդավարության մասին աղաղակողները տարօրինակ պատկերացում ունեն ժողովրդավարության ու ընդհանրապես հանդուրժողականության մասին:

Հիշե´ք մեկընդմիշտ, որ թեպետ ձեր համար այլևս սովորական է դարձել հոխորտանքն ու բռունցքները տարբեր ուղղություններով անկանոն թափահարելը, բայց ոչ ոք, բացարձակապես ոչ ոք իրավունք չունի

վիրավորել կամ առավել ևս ֆիզիկական ուժ կիրառել լրագրողների նկատմամբ: Դա ականջներիդ օղ արեք…»,-հայտարարել է պատգամավորը։

Իր հերթին, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է․

«Առնվազն խուլիգանությունն ակնհայտ է։

Փայլակին իրավաբանական աջակցություն է ցույց տալիս մեր իրավապաշտպան կազմակերպության՝ «Իրավական ուղու» փաստաբան, [նախկին] լրագրող Սոսե Չանդոյանը»։

Փ․Ֆահրադյանի հետ կատարվածը պարզապես հերթական օրինակն է, թե որքան են մեծամտացել գործող վարչակազմի մանրումեծ տրամաչափի ներկայացուցիչները, որոնց մի մասը կարող է իրեն թույլ տալ ԱԺ-ում կոպտել լրագրողին, մյուսը խորհրդարանի սահմաններից դուրս հարվածել և այլն և այլն։

Մինչդեռ չորրորդ իշխանությունը՝ Մասմեդիան բոլոր իրավունքներն ունի կատարել իր մասնագիտական պարտքն ու աշխատանքը, այդ թվում՝ քննադատել տվյալ ժամանակի իշխանություններին։


Similar Posts