նորություններ | Քաղաքականություն

«Փաշինյանը շեղող հնարք է կիրառել՝ ցուցարարներին առաջարկելով արտահերթ ընտրություններ». «Նեզավիսիմայա գազետա»

ԱՊՀ երկրներում վերջերս նման միտում է նկատվում. հենց որ ազգային առաջնորդները հասարակության տրամադրությանոչ իրենց օգտին փոփոխություն են արձանագրում, իրենց հրաժարականի պահանջով կամ նմանօրինակ ակնարկներով բողոքի ակցիաներ են տեսնում, ասպարեզ են դուրս բերում Սահմանադրական դատարանը, ակտիվորեն խոսում են սահմանադրական բարեփոխումների, արտահերթ ընտրությունների և հանրաքվեների մասին:

Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն։   Պարբերականի բնորոշմամբ, նման քայլերի նպատակը ժամանակ ձգելն է և սահմանադրական բարեփոխումների ու հանրաքվեների կազմակերպումն իրենց հսկողության տակ առնելը և այդպիսով, իշխանությունը պահպանելը:  

«Ալեքսանդր Լուկաշենկոն ապացուցեց, որ քաղաքացիական հասարակության ապստամբության իրավունքն ընդամենը հռչակագիր է, որն ամրագրված չէ ոչ մեկի և ոչնչի կողմից, համենայն դեպս՝ ԱՊՀ երկրներում: Լուկաշենկոն զանգվածային ցույցերին պատասխանեց՝ համաբելառուսական ազգային ժողով գումարելով: Այն աջակցեց Սահմանադրության փոփոխության մասին նախագահի նախաձեռնությանը: Հիմնական օրենքի թարմացված տեքստը կքննարկվի հանրաքվեի ժամանակ: Դրանից հետո հերթական նախագահական ընտրությունների ժամանակը կգա, իսկ մինչ այդ Ալեքսանդր Լուկաշենկոն կշարունակի ղեկավարել երկիրը»,- գրում է պարբերականը՝ նկատելով, որ բելառուսական փորձը որոշել են օգտագործել Հայաստանում, որտեղ ժողովուրդը փողոց է դուրս եկել «Նիկոլ, հեռացի՛ր» կարգախոսով:  

«Իսկ Նիկոլ Փաշինյանը, որը, Սահմանադրության համաձայն, պետության առաջին դեմքն է, շեղող հնարք է կիրառել՝ ցուցարարներին առաջարկելով արտահերթ ընտրություններ, որոնք հենց ինքը կցանկանա անցկացնել: Այնուհետև ըստ Փաշինյանի ծրագրի՝ նոր խորհրդարանը կձևավորի կառավարություն և կնշանակի կառավարության նոր ղեկավարի: Այդ ողջ ընթացքում Փաշինյանն իշխանության ղեկին է մնալու: Սակայն նրա դեմ է դուրս եկել բանակը, որին աջակցություն է հայտնում բնակչությունը: Եվ, ամենայն հավանականությամբ, իրավիճակը պետք է կարգավորի Սահմանադրական դատարանը»,- նշում է հոդվածագիրը: 

«Ղրղզստանի նոր նախագահ Սադիր Ժապարովը նույնպես խորհրդարանի արտահերթ ընտրություններ է հայտարարել, ինչը պետք է փոխի հանրապետության կարգավիճակը՝ խորհրդարանականից անցնելով նախագահականի: Ղրղզստանում նույնպես նախատեսվում է հանրաքվե անցկացնել: Նոր նախագահը, ուժեղացնելով իր իշխանությունը, ոչ միայն կպաշտոնավարի մինչև ընտրական ժամկետի ավարտը, այլև կկանխի հնարավոր պետական հեղաշրջումը: Հեղաշրջումներն ավանդույթ են դարձել Ղրղզստանում, Ժապարովը ևս իշխանության է եկել դրանցից մեկի արդյունքում: 

Մոլդովայում նույնպես խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նախագահական լիազորությունների ընդլայնման մասին: Նախագահն այնտեղ իշխանության խորհրդանիշն է, սակայն նա երկրում իրավիճակի վրա ազդելու իրական լծակներ չունի: Սա խորհրդարանի և կառավարության լիազորությունն է: Նախագահ Մայա Սանդուն չի ցանկանում, որ կրկնվի իր նախորդի Իգոր Դոդոնի հետ կապված պատմությունը, որին Սահմանադրական դատարանը զրկել էր ստորագրության իրավունքից, քանի դեռ այդ ստորագրությունն անհրաժեշտ փաստաթղթի տակ չի դրել խորհրդարանի խոսնակը: Սանդուն փորձում է հասնել իշխանության ամբողջականության: 

Ուկրաինայում նախկինում նույնպես ակտիվորեն կիրառում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն ոչ թե նախագահին պահելու, այլ փոխելու համար: Այդպես, օրինակ, իշխանության եկավ Պյոտր Պորոշենկոն: Այժմ Գերագույն ռադան կարող է հանգիստ աշխատել, ինչպես և նախագահը, որի վերահսկողության տակ խորհրդարանական մեծամասնությունն է: Ավելին, նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի հեռուն է գնացել հետխորհրդային տարածության իր գործընկերներից. նա ազատել է Սահմանադրական դատարանի ղեկավարին՝ այդպիսով կաթվածահար անելով ՍԴ-ի աշխատանքը», – վերլուծում է հոդվածագիրը: 

Ըստ հեղինակի՝ կա ևս մեկ հետաքրքիր պահ, որը բնորոշ է ԱՊՀ երկրներին. ժամանակին ԵՄ ծափողջյունների ներքո իրենց խորհրդարանական հանրապետություններ հռչակած երկրներում այսօր հակառակ գործընթացն է նկատվում. բոլորը կրկին ցանկանում են նախագահական դառնալ: 

«Մեր դաշնակիցների, գործընկերների և պարզապես հարևանների առաջնորդները նախագահական իշխանության ամրապնդման ուղիներ են փնտրում, ինչը թույլ չի տա ինչ-որ մեկին կասկածի տակ դնել պետության գործող ղեկավարի լեգիտիմությունը, սակայն թույլ կտա ճնշել ցանկացած բողոքի դրսևորում»,- եզրափակում է վերլուծաբանը:

Similar Posts