նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

Իսկ ուզու՞մ են ՀՀ իշխանությունները, որ Բայդենը արտաբերի ցեղասպանություն բառը

Մինչ Ապրիլի 24-ին ընդառաջ համայն հայությունն ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջապես կարտասանի Հայոց Ցեղասպանություն եզրը, Հայաստանի իշխանությունները կարծեք միտումնավոր խառնում են խաղաքարտերը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համամարդկային ու համահայկական ջանքերը առ ոչինչ են դառնում կամ դառնալու, քանի որ փաշինյանական վարչակազմի տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ ակնհայտորեն հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների բարելավման օգտին, վերապահում են թշնամի բառն օգտագործում Անկարայի մասին արտահայտվելիս, նաև խրախուսում Թուրքիայի հետ երկխոսության հեռանկարը։

Մեր դեպքում, սա չգիտես ինչ կոչել, դա խաղաղասիրական կամ քրիստոնեական հանդուրժողականության դրսևորում չէ, դիվանագիտական ժեստ չէ, որովհետև վերջին պատերազմի հանգամանքները ու հատկապես դրանում թուրքական գործոնը հաշվի առնելով՝ այն ոչ արժանապատիվ ու անպատվաբեր քայլ է՝ քեզ խոցողի, կեղեքողի, սպանողի և քո ու քո ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանություն իրականացնողի (այս վերջին գնահատականը նաև միջազգային ազդեցիկ գործիչների և կառույցների բնորոշումն է) առջև վիզ ծռելու միջոցով։

Զուգահեռաբար իր գործն անշեղորեն կատարում է Թուրքիան․որքան էլ թշնամի համարենք այդ երկրին, պաշտոնական Անկարայի դիվանագիտությունն ավելի տրամաբանական ու նպատակային է։

Ապրիլքսանչորսյան իրադարձության նախաշեմին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոդված է գրում Հայկական հարցի վերաբերյալ և հիշեցնում հայ-թուրքական դարավոր բարեկամության մասին։

Ավելին, նրա կոլեգան՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն էլ հայտարարում է, թե Անկարան սատարում է Հայաստանի և Ադրբեջանի նախագծերին։

Մեր իշխանություններն էլ խոսում են թուրքերի հետ երկխոսելու օգտին։

Չթերագնահատելով Թուրքիային ու նրա ներուժին, այդուհանդերձ, չպետք է թերագնահատել նաև հայոց պահանջատիրությունը։

Եվ խոսքն, անշուշտ, Բայդենի հայտարարության ՝ մեզ համար ցանկալի բովանդակության մասին չէ միայն։

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է դառնա համայն մարդկության պահանջատիրության օրակարգի հարց, որովհետև վաղուցիվեր դասական ճշմարտություն է՝ եթե չես դատապարտում և կանխարգելում ցեղասպանությունները, մեծ է նոր եղեռնագործությունների վտանգը։

Similar Posts