նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Նախընտրական բլե՞ֆ, թե՞ ռեալ աջակցություն զինծառայողներին


Երբեք այդքան սուտ չեն խոսում, ինչքան ընտրությունից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո:

Թևավոր ասույթ դարձած խոսքերի հեղինակը Գերմանիայի առաջին կանցլեր, 19-րդ դարի գերմանական հայտնի պետական գործիչ Օտտո ֆոն Բիսմարկն է։

Այն, որ համապետական ընտրությունների նախաշեմին ենք (արտահերթ խորհրդական ընտրությունների hավանական ժամկետ է նշված այս տարվա հունիսի 20-ը), ավելի քան իրական է, եթե այլ պրոցեսներ չընթանան։

Այն, թե ինչ ստեր տիրաժավորվեցին պատերազմի օրերին, ևս տեսանք։ Այս ստերն ի դեպ շարունակվում են նաև հիմա՝ «Հաղթելու ենք» պսևդոհայրենասիրական վանկարկումներից մինչև տարածքային պարբերական ու ստորացուցիչ կորուստներ։

Իսկ թե ի՞նչ որսի են ելել գործող իշխանությունն ու ընդդիմությունը՝ ակներև է՝ դատելով ներքաղաքական վերջին զարգացումներից։

Կարճ ասած՝ ստի ու ստախոսների պակաս չկա․․․

Մի կողմում՝ քաղաքական դերակատարներն են իրենց թիմակիցներով ու մրցակիցներով, մի կողմում՝ դյուրահավատ, կարիքավոր ազգն է՝ անտեսված, մանիպուլացված, հուսաբեկված։

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում որոշում կայացրեց, որով կխրախուսվեն եւ աջակցություն կստանան այն գործատուները, որոնք այս տարվա մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված կամ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց հետ։ 

«Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի մասով գործատուին տրամադրել առավելագույնը 100 հազար դրամ՝ եռամսյակի կտրվածքով», – ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով նախագիծ։  

Նախարարի խոսքով՝ առաջարկվում է նաև միանվագ փոխհատուցում տրամադրել մինչև 500 հազար դրամի չափով աշխատատեղի հարմարեցման համար կատարված աշխատանքների ծախսերի մասով։

Եթե սույն առաջարկությունը չափենք մարդասիրական, պետաջակցության տրամաբանությամբ, ապա բավականին տեղին և ողջամիտ նախաձեռնություն է։

Եթե չափենք ֆինանսական պարամետրերով, ապա մատնանշվող գումարն, իհարկե, չնչին է այն զրկանքների, վնասների, կենսական պահանջմունքների համեմատ, որ ունեն պատերազմի բովով անցած մեր քաջորդիներն ու նրանց ընտանիքները, հարազատները։

Իհարկե, նոր ընտրություններին ընդառաջ երկու կողմերից էլ՝ իշխանություն և ընդդիմություն, հրապարակ են նետվելու գեղեցիկ տեքստեր, խոստումներ, բայց ժամանակն արդեն տարբերել, տարբերակել նախընտրական բլեֆը իրական ու իրատեսական ծրագրերից։ Այլապես հիասթափությունը կարող է անդառնալի լինել երկու կողմերի համար էլ, որովհետև ժողովուրդը երկար, բայց ոչ անվերջ համբերելու սովորություն ունի։

Ապացույցը՝ հենց թեկուզ 2018 թ․հայտնի իրադարձություններն էին, երբ մերժվում էր ոչ թե կոնկրետ անձը, այլ մի ամբողջ իշխանության բարքն ու քաղաքական մշակույթը․․․

Similar Posts