նորություններ | Էկոնոմիկա | Քաղաքականություն

Խաղատուն՝ ներդրումների անվան տակ կամ սուտը – իշխանության խորհրդանիշ

Նախկինների մասին քամահրանքով խոսող և նախկինների ֆինանսական ելումուտը, նրանց օրոք արված ներդրումները քննադատող, մանրամասնությունները փորփրող նոր իշխանիկները այդպես էլ չկարողացան վեր կանգնել այդ քայլերից, ավելի՛ն, երկիրը տարան ու տանում են տոտալ կործանման։

Սրան զուգահեռ, դեռ իրավունք են վերապահում պետական ամենաբարձր հարթակից խոսել տնտեսական աճի, տուրիստների այցելությունների աճի, ներդրումների ու այլ ամպագոռգոռ երևույթների մասին։ Արձագանքելով սրանց մառազմին՝ հիշենք հանճարեղ Ջիվանիին՝ Խե՜լքի աշեցեք․․․

«EVOLUTION»-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա։ Այս մասին օրերս տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Իմ համար, որպես բիզնեսից եկած մարդ, շատ կարևոր է իրագործել այն ամենն, ինչ խոսվում է և ստանալ արդյունքները»,- նշել է նախարարը եւ ավելացրել, որ մոտ ամիսուկես առաջ հայտնել է, որ փորձում են լուծել շվեդական մի խոշոր, 25 մլրդ դոլար կապիտալիզացիա ունեցող ներդրողի խնդիրները՝ բացելով մուտքը Հայաստան։ 

«Խնդիրները լուծվեցին և այսօր այդ ընկերությունը հայտարարեց իր Հայաստանյան Ստուդիայի հիմնադրման մասին։

Նման խոշոր ընկերությունները Հայաստանում կստանձնեն համաշխարհային որակի աշխատանքի կուլտուրայի և բարձրակարգ մասնագետների կադրերի դարբնոցի դերը, ուստի և օդուջրի պես անհրաժեշտ են մեր տնտեսությանը։

Ընկերության վերջին հաղորդագրությունն էլ սա է՝  EVOLUTION-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա։ 

Մենք ուրախ ենք հայտնել, որ շատ շուտով Հայաստանում հետաքրքիր աշխատանքային հնարավորություններ ենք առաջարկելու»,- ընդգծել է Քերոբյանը։

Այս ամենն, ինչպես ասում են, մեդալի մեկ կողմն է միայն։ Իրականում նախարարի գրառման մեջ չի նշվում, թե կոնկրետ ինչ ստուդիայի մասին է խոսքը, ինչ ընկերություն է Evolution-ը և ինչով է զբաղվում։ 

Կարճ տեղեկանք

EVOLUTION-ը հիմնադրվել է 2006-ին, իսկ 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է: Շվեդական այդ ընկերությունը մշակում, արտադրում, վաճառում և լիցենզավորում է լայվ-խաղատան և խաղային ավտոմատների լիովին ինտեգրված B2B լուծումներ խաղային օպերատորների համար:

Evolution-ում աշխատում են ավելի քան 80 ազգությունների ավելի քան 10,000 աշխատողներ (EVOlutioneers) ավելի քան 20 քաղաքներում: Ընկերությունը խոստանում է հարյուրավոր աշխատատեղեր ստեղծել Երևանի և նրա հարակից տարածքների երիտասարդների համար:

Ստուդիան գտնվելու է Երևանի կենտրոնից հարավ: Ենթադրվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ ամիս, իսկ թափուր աշխատատեղերը կբացվեն առաջիկա ամիսներին: Վրաստանում և Հայաստանում Evolution-ի գործառնությունների ղեկավարը Ջեյքոբ Քլասոնն է։

Փաստորեն, նոր Հայաստանում պետական մակարդակով խրախուսվում է խաղամոլությունը, այն էլ՝ երիտասարդների շրջանում։ Լրջագույն ներդրումների, խոշոր նախագծերի փոխարեն, երիտնիկոլականները զբաղված են ինքնափիառով, ընդորում՝ առաջնորդվելով ստախոսությամբ։

Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի հայտնի միտքը հիշենք նաև․

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան»: Սա մեր օրերի, մեր իշխանությունների լակմուսի թուղթն է․իրենք ստում, իրենք հավատում կամ չեն հավատում, իրենք էլ թագավորությունը պատառ – պատառ են անում ու բաժանում միմյանց․․․Իսկ Մե՞նք․․․Մեր անելիքը հստակ է․օր առաջ ազատվել այս արկածախնդիրներից, որոնք խայտառակում են ոչ թե իրենց, այլ արդեն բոլորիս ՝ ի տես աշխարհի․․․



 

Similar Posts