նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Պաշտոնական հայտարարությունները քայլ առ քայլ խոցելի են դարձնում ազգային արժեքները․Գևորգ Դանիելյան



Armenia.IM-ի զրուցակիցը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն է

1 2021 թվականի մայիսի 3-ին և 10-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ չընտրելու հետևանքով Ազգային ժողովն արձակվել է իրավունքի ուժով։ Հունիսի 20-ին նախանշված են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Սա ներքաղաքական թիվ մեկ թեման է։ Ի՞նչ ընտրապայքար եք կանխատեսում, ո՞ր ուժերի շանսերն եք բարձր գնահատում։

Ազգային ժողովն արձակվել է իրավունքի ուժով, սակայն Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով դեռ կշարունակի լիազորությունների իրականացումը՝ մինչև նորընտիր Ազգային ժողովի կողմից իր լիազորություններն ստանձնելը, այն է՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը: Սա նշանակում է, որ և Կառավարության անդամների (նշված եզրույթի ոչ ներկայիս դե ֆակտո ընկալմամբ) և Ազգային ժողովի լիազորությունները մի կարճ ժամանակով կշարունակվեն նաև ընտրություններից հետո:  Ձեր հարցի երկրորդ հատվածը զուտ քաղաքական ուղղվածություն ունի, ինքս կնախընտրեի խոսել ընտրական գործընթացի առավելապես իրավական ասպեկտների մասին: Կներեք, այնքան էլ «ընտրապայքար» եզրույթի համակիրը չեմ, քանզի գործնականում, հատկապես, վարչական լծակներ ունեցող որոշ շրջանակների մոտ այն ասոցացվում է առանց կանոնների մարտի հետ: Իսկ առանձին վերլուծաբանների կառաջարկեի խոսել ոչ թե դեղին մամուլի՝  տևական ժամանակ նպատակադրված ու որոշ քաղաքական շրջանակների կողմից ուղղորդված լուրերը իբրև հավաստի ապացույց հրամցնելու տոնայնությամբ, այլ իրական փաստերով: Այդ մարդիկ, վերջապես, պետք է հասկական, որ ոչ թե դժվար, այլ անհնարին է հավատալ այն լուրերին, որոնց հեղինակները նույն այն դեմքերն են, որոնք ունակ են բեմադրելու Աբաջյանի կեղծ պապիկի, զավակ չունեցող կանանց իբրև որդեկորույս մայրերի և նմանաբնույթ այլ, տարրական քաղաքակրթության հետ աղերսներ չունեցող «համարներ»:

Կարծում եմ, ոչ միայն յուրաքանչյուր իրավագետի, այլև ցանկացած հայ մարդու պետք է խիստ անհանգստացնի, որպեսզի չկիրառվեն ակտիվ քաղաքացիական կեցվածք ունեցող մարդկանց տարաբնույթ եղանակներով «կաշառելու» և իրենց կողմը գրավելու, Ազգային ժողովի բարձր ամբիոնը, անկախ օրակարգի լրջությունից, հնարավոր հակառակորդներին թիրախավորելուն նվիրված բացառապես նախընտրական քարոզչության վերածելու և այլ անթույլատրելի հնարքները: Ես լիահույս եմ, որ մեր հանրությունը, ի վերջո, համարժեք կգնահատի իրադրությունը և նախապատվությունը կտա ոչ թե, մեղմ ասած, ձախողումների համար պատասխանատու, թուրքահաճո հեռանկարներով ապագա խոստացող, ընտանիքը, Հայ Եկեղեցին և այլ ազգային արժեքները առնվազն անպաշտպան դարձրած, այլ հավասարակշռված, հեռատես ու իրենց կյանքով առաջընթաց ապահովելու հմտություններ դրսևորած ուժերին: Հայ մարդը, վերջապես պետք է հասկանա, որ իրեն տևական ժամանակով կերակրել են այնպիսի ստերով, որոնք, ցավոք, նստվածք են տվել, արդեն ակամա հավաստի են ընկալվում, իսկ դրա արդյունքում մի բուռ ազգը պառակտվել ու վերածվել է միմյանց ոչնչացնելու պատրաստ հանրության:

2․ Պարոն Դանիելյան, ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը կրկին ակտիվացել են, ստեղծվում են նորանոր կուսակցություններ և դաշինքներ։ Արդյո՞ք սա չի մոլորեցնելու՝ առանց այն էլ անորոշության ու հիասթափության մեջ խարխափող շարքային քաղաքացուն, ընտրողին։

Ցավոք, ձեր մտահոգությունը միամգամայն հիմնավոր է: Եվ սա ունի իր բացատրությունը: Որոշ քաղաքական ուժերի հաշվարկը թելադրված է հետևյալով. ներկայիս վատթար, համալիր ճգնաժամի հանգեցրած կառավարման անհերքելի իրավիճակը մի կողմից, նախկինում իշխանությամբ օժտված անձանց անխտիր ու հետևողականորեն վարկաբեկելու արդյունքում նաև նրանց նկատմամբ ստեղծված վերաբերմունքը՝ մյուս կողմից, մարդկանց մի զգալի հատվածի մոտ ձևավորել է համատարած անվստահության զգացում: Եվ ահա հիշյալ քաղաքական ուժերը, մարդկանց կորսված վստահությունը վերականգնելու փոխարեն, փորձում են օգտվել իրավիճակից, ըստ այդմ էլ՝ կամ ձգտում են իրենց յուրայինների միջոցով ստեղծելու կեղծ ընդդիմադիր կուսակցություններ՝ հետագայում նրանց հավաքած ձայներից օգտվելու նկատառումով, կամ պարզապես փորձում են ինքնուրույն տեղ ապահովել խորհրդարանում՝ չկողմնորոշված ընտրողների հաշվառմամբ և այլն:  Մասամբ, այս հաշվարկները իրականությունից հեռու չեմ, քանզի հանրության մեջ, իրոք, անթաքույց կա քաղաքական ապատիա: Հիշեք թեկուզ 2018 թ. ընտրությունները, երբ անգամ չմասնակցեց ընտրողների 50 տոկոսը, թեպետ՝ դա չխանգարեց իշխանություններին հայտարարելու, թե ընտրողների, և ոչ թե մասնակցողների, բացարձակ մեծամասնությունն իբր իրենց է ընտրել:

3 Կարծիք կա, որ գործող իշխանությունները հետևողականորեն կազմաքանդում են բոլոր պետական ինստիտուտները, արժեհամակարգը՝ Բանակ, Եկեղեցի, դատաիրավական համակարգ, ընտանիք, գիտակրթական համայնք և բազում այլ ոլորտներ։ Ո՞րն է Ձեր գնահատականը։

Անմեղության կանխավարկածը հարգելով հանդերձ, ձեռնպահ կմնայի այդպիսի իմպերատիվ գնահատակներից, հատկապես, հստակ ուղղակի դիտավորություն դրսևորելու մասով: Ինքս ցավում եմ, որ անմեղության կանխավարկածի մասին իսպառ մոռացել են ներկա իշխանությունները և անթաքույց վերջնական մեղադրանքներ են հնչեցնում իրենց համար ոչ յուրային ցանկացած մեկի հասցեին: Մյուս կողմից, այո, ուրվագծվում են փաստեր, որոնք անհեքելիորեն վկայում են, որ պետական ապարատի հիմնական կառույցները ներքաշվել են ճգնաժամի մեջ, չեն կարողանում անգամ ապահովել նվազագույն պահանջները: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, որ օրինակ, ԴՆԹ-ի արդյունքներով՝ նույնականացված նահատակ զինվորի դիակը հարազատներին է փոխանցվում միայն 4-5 ամիս հետո և այլն: Սրանք արդեն բարդ տնտեսական, սոցիալական կառավարման խնդիրներ չեն, պարզապես առնվազն բացակայում է նվազագույն սրտացավությունը, կարգապահությունը, անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմը և, որ ամենակարևորն է՝ տարրական համակարգվածությունը: Ինչ վերաբերում է ազգային ինքնության պահպանմանը և արժեքներին, ապա ևս փաստ է, որ ընդունվող օրենսդրական ակտերը, պարբերաբար հնչող պաշտոնական հայտարարությունները, անկախ իրենց շարժառիթներից և էությունը համարժեք ըմբռնելու ունակությունից, քայլ առ քայլ խոցելի են դարձնում այդ արժեքները: Մենք բազմիցս ընդգծում ենք, որ այդ նախաձեռնությունների հիմքում անթաքույց դրված են թուրքական ուղղվածության հեռահար ծրագրեր: Ընդ որում, առաջիկայում բնավ չի նկատվում այդ առաքելությունը դադարեցնելու նշույլ անգամ, քանզի Արցախյան պատերազի պարտությամբ դեռ իրենց բազում ակնկալիքները կյանքի չեն կոչվել:

4 Ներկաների և նախկիների փոխադարձ մեղադրանքների, հակասությունների համապատկերում, կարծեք, կրկին անտեսված է հայ մարդը՝ անկախ մասնագիտությունից ու կարգավիճակից։ Եվ ապագայի, հայ մարդու ապագայի մասին մտահոգ զրույցն այդպես էլ չի առարկայանում։ Ի՞նչ անել։

Առողջ քաղաքական ուժերը, ազգային ջրբաժանները միանշանակ մերժող քաղաքական դեմքերը, իսկ այդպիսիք արդեն բարեբախտաբար կան, վեր են կանգնած այդ աընդունելի և ծայրահեղ վտանգավոր վարքագծից: Ցավոք, ոչ բոլոր ընդդիմադիր գործիչներին է հաջողվում առավել հավասարակշռված լինել և զերծ մնալ հանրության որոշ հատվածներին անվանարկելու գրավչությունից: Հասկանալի է, որ գրեթե անհնար է ներողամիտ պահվածք ունենալ այն անձանց նկատմամբ, ովքեր հազարավոր զոհված հայ զինվորների, հերթական ցեղասպանության փաստի, սահմաններում պրովոկացիաների պարագայում, աճապարելով դրսևորում են բացահայտ թրքապաշտություն, հայհոյախառն արտահայտություններ են հնչեցնում որդեկորույս ծնողների հասցեին, անպարկեշտ ձևով են արտահայտվում ընդդիմադիրների հասցեին և այլն, սակայն, համոզված եմ, որ հարկ է զսպել նույն ոճով նրանց և, այսպես կոչված, վճարովի ֆեյքերին հակադարձելու ձգտումը: Մյուս կողմից, պարզապես դժվարանում եմ ընկալել, թե ինչ չափանիշներով, ինչ տրամաբանությամբ են այդ հայհոյախառն «ընտրապայքարին» ակտիվ մասնակցում նաև որոշ պաշտոնյաներ՝ մնալով անպատիժ: Իսկ դուք դեռ հարցնում եք պետական ապարատի աշխատանքի արդյունավետության մասին: Ի դեպ, ազգային պառակտման համար օգտագործվող լոզունգները ամբողջովին մտացածին են, արհեստական: Ում հասկանալի չէ, որ իրականում չկա մարդկանց՝ «նախկին» և «ներկա», «սև» և «սպիտակ» դասակարգելու չնչին փորձ անգամ, քանզի «ներկա» կամ «սպիտակ» է հռճակվում ցանկացած նախկին, ով հրապարակայնորեն քննադատում է այն համակարգը, որում ինքը պակաս դերակատարում չի ունեցել և լոյալ շարունակում է պաշտոնավարել ներկա պետական ապարատում: Նայեք այսօրվա իշխանության բոլոր ճյուղերը ներկայացնող մարմինները և կհամոզվեք դրանում:

Պետք է ընդունենք, որ ոչ միայն մոլորյալ, այլև անգամ հստակ ակնկալիքներով շահագրգռված անձանց պետք է մատչելի բացատրել իրենց մտածումների անհեռանկար, կործանարար լինելու մասին: Իսկ ագրեսիվ տրամադրված կռապաշտներին խորհուրդ կտայի սթափվել և ըմբռնել իրենց վարքագծի ողջ վտանգը:  Վերջում հավելեմ, որ յուրաքանչյուրս, այդ թվում՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը ևս կկամենային, որ իշխանությունները հաջողեին ինչ-որ հրաշքով առաջընթաց արձանագրել, ձախողումներն ու պարտությունը միացյալ ուժերով կանխեին և չբավարարվեին սոսկ ամենուր մեղավորներ փնտրելով, փաստերն ու իրողությունն անտեսելով և զուտ անորոշ, վերացական ապագայի մասին խոստումներով:     

Զրուցեց՝ Արա Ալոյանը

Similar Posts