Uncategorized | Իրադարձություններ | Հայեր | Հասարակություն | նորություններ

Ի՞նչ է կատարվում Սյունիքում․բնակիչներն ահազանգում են, ՊՆ-ն, ԱԱԾ-ն և ՄԻՊ-ը՝ հայտարարություն տարածում

Լրատվամիջոցները այսօր առավոտից տեղեկություններ են շրջանառում Սյունիքում տեղի ունեցող վտանգավոր զարգացումների մասին։

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։ 

Սեւ լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել եւ կանգնել։ Եթե GPS-ով Սեւ լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնեալ համարում, որ որոշել են հասնել մինչեւ բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք Սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,- գրել է նա։

ՊՆ հայտարարությունը

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ: Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց։»,– ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

ԱԱԾ հայտարարությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ:

Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին:


ՄԻՊ-ի հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:

Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ սահմանների հետ կապված հարցերը հասկանալիորեն ունեն հանրային մեծ հետաքրքրություն և զգայունություն, իսկ հանրությունն էլ ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։

Ուստի, իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը:

Նշվածի հետ միասին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից:

Ինչպես Պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:


Similar Posts