նորություններ | Քաղաքականություն

Հեղափոխություններ – ԽՍՀՄ նախկին երկրների մղձավանջը

Մոլորակն ու ազգերը, աշխարհն ու պետությունները մեծ հաշվով մեկ գլխավոր ընդհանրություն ունեն. բոլորն էլ ձգտում են փոփոխությունների, առավել ևս բարեփոխումների: Բնականաբար գլոբալ փոփոխությունների համար անհրաժեշտ են տարաբնույթ, այդ թվում՝ քաղաքական, քաղաքացիական ու այլ հիմնարար պրոցեսներ: Այս ամենը քաղաքակիրթ մարդկությունը հաճախ կոչում է մեկ դասական բառով՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: 

Իսկ այդ ամենը, հավատացեք, որպես կանոն շա՜տ գեղեցիկ է սկսվում՝ անկախ նրանից, թե մոլորակի ո՞ր անկյունում է և ի՞նչ իրողությամբ է թելադրված, անկախ հանգամանքից, թե ո՞ր կետից է կառավարվում և ո՞ր նշանակետին է խփում։ Ժամանակն անցնում է, պետությունները փոխվում են, բայց ձեռագիրը նույնն է մնում. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունները հենց այսպես, գրեթե հեքիաթային սցենարով են սկսվում, բայց հետագայում լինում է այն, ինչ լինում է և ինչի մասին խոսում են զորեղ փաստերն ու վիճակագրությունը:

Կասկածից վեր է, որ բոլոր հեղափոխությունները՝ գունավոր, թավշյա, վարդերի և այլ մակդիրներով համեմված, խարսխվում են մարդկային ու քաղաքացիական հույզերի վրա: Հեղափոխության դիլեմաներից խոշորագույնը, որ մտատանջում է բոլոր ժամանակներում և հանուր մարդկությանը, այն է, թե որքանո՞վ են այդ շարժումները  բնաբուխ, չէ՞ որ ահռելի հանրույթը չի կարող միանգամից գաղափարախոսական ելակետ ու տեսլական ունենալ, չի կարող այնչափ ու այնքան արդյունավետ ինքնակազմակերպվել, որի արդյունքում իրականացնեն հեղափոխություններ:  Այո՛, շարժումները, մեծ փոփոխությունները իրենց ներսում ձևավորում են պայմանական առաջնորդների, որոնք կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում ուղղորդում են պայքարը, բերում միջանկյալ հանգրվանի, իսկ հետո՞:

Մինչև հետոյի, հետևանքների մասին խոսելը, ընդգծենք մեկ անառարկելի իրողություն. ցանկացած երկիր ունի զարգացման 2  ճանապարհ՝ էվոլյուցիոն և ռեվոլյուցիոն:

1. Առաջինը ենթադրում է՝ տնտեսական զարգացում, այն է՝ գույքագրել համապետական, համազգային խնդիրներն ու դրանք հաղթահարելու ռազմավարություն մշակել՝ քաղաքակիրթ աշխարհի և առաջին հերթին՝ հարևան պետությունների խաղաղ համագործակցության պայմանով: Զարգացման այս մոդելը, ճիշտ է, մեծ հրաշքներ չի խոստանում, բայց աստիճանաբար բարելավում է երկրի ու ժողովրդի վիճակը:

2. Զարգացման երկրորդ՝ հեղափոխական ուղին ուղղված է նախկին ռեժիմների, արմատացած ավանդույթների դեմ: Այն, ըստ էության, գեղեցիկ փաթեթավորված գաղափար է, որն ուղեկցվում է մարդկային ազատությունների և ինչու չէ՝ զարգացման մասին քարոզչությամբ:

20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբին Սերբիայում եւ ապա Վրաստանում եւ մի շարք այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները կոչվեցին գունավոր: Վրաստանի դեպքում այն կոչվեց Վարդերի հեղափոխություն՝ Միխայիլ Սաակաշվիլիի առաջնորդությամբ:  Ճի՛շտ է, նրան հաջողվեց դառնալ իր երկրի նախագահը, բայց վարդերը, ցավոք, ունենում են նաև փշեր, որոնք շատ հաճախ արյունոտ հետևանքների են բերում: Վրաստանի դեպքում փաստերն առավել քան խոսուն են․ 2008 թ. վրաց – հարավօսական կարճատև պատերազմ՝ եղբայրական ժողովուրդների արյունալի հակամարտություն, մարդկային ու տարածքային շոշափելի կորուստներ:

Փաստերն ապացուցում են, որ հեղափոխությունները պետք չէ գնահատել զանգվածային զգացավառությամբ, քանի որ կյանքն ու իրողություններն այլ են ու պահանջում են սթափ հայացք և ուղեկցվում անվիճելի վիճակագրությամբ:

Հետխորհրդային երկրներից ամենաշատը հեղափոխություններ տեղի ունեցան Ուկրաինայում, ինչի արդյունքում տարբեր տարիներ իշխանության եկան բազմաթիվ լիդերներ՝ Տիմոշչենկո, Յանուկովիչ, Պորոշենկո, այժմ արդեն Զելենսկի։ Այս պետության պարագայում ռեվոլյուցիոն գործընթացների ու տրանսֆորմացիաների հետևանքներն անհամեմատ շատ են, բազմապիսի և արյունալի՝ ներքաղաքական սրացումներ, ազգամիջյան բախումներ, ռազմական գործողությունների պատճառով որդիների, եղբայրների, հայրերի սպանություններ մեկ հանրապետության տարբեր հատվածներում ՝ Դոնբասում, Դոնեցկում, Լուգանսկում: Մի քանի տարում մի քանի հեղափոխություն տեսած Ուկրաինան այդպես էլ չի կարողանում հաղթել ոչ ներքաղաքական, ոչ էլ տնտեսական ճգնաժամը: Այդ երկիրը բազում դժվարություններ է դիմագրավում, քանի որ զարգացման համար ընտրեց էվոլյուցիոն, այլ հեղափոխական մոդելը: Արևելյան Եվրոպայի այդ երբեմնի մեծապաշար երկիրն այսօր քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ է՝ ՀՆԱ-ի ցածր մակարդակով, աղքատության բարձր ցուցանիշով և այլ տնտեսական ցուցանիշներով:

Հեղափոխությունների ալիքը երկու տարի առաջ՝  2018 թ. ապրիլին հասավ նաև Հայաստան, որտեղ ևս կիրառվեցին քաղաքացիական ընդվզումներին բնորոշ քաղտեխնոլոգիաներն ու այսպես կոչված սև փիառին բնորոշ բոլոր էլեմենտները: Բայց, ինչպես և մյուս հեղափոխական երկրներում, Հայաստանում ևս հետհեղափոխական զարգացումները արտահայտվեցին տարածքային և մարդկային կորուստներով, ինչպես նաև տարբեր՝ տնտեսական, դեմոգրաֆիկ, կրթական, առողջապահական, սոցիալական և բազմաթիվ այլ ճգնաժամերով։

Հետհեղափոխական Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է 221 միլիոն դոլարով, Կորոնովիրուսի վարակվածության համախառն ցուցանիշով և մահվան դեպքերով ՀՀ-ն , ցավոք, առաջատար է ոչ միայն տարածաշրջանում, այլև համավարակից տուժած պետությունների մեջ վատ վիճակագրությամբ առաջին հորիզոնականներում է: Տնտեսական կոլաբսից ու այլ տապալումներից զատ, ներքաղաքական ճգնաժամն ու քաղաքական հողի վրա ատելության մթնոլորտը ևս խիստ մտահոգիչ է, մինչդեռ իշխանություն գալուց առաջ Փաշինյանը խոստանում էր 30 տոկոսով կրճատել երկրի պարտքը, պայքարել կոռուպցիայի դեմ և այդ ամենը վենդետայի բացառման, համերաշխության քողի տակ: Ձախողումների վերջին, բայց վախենամ՝ ոչ եզրափակիչ ակորդը Արցախյան վերջին պատերազմի ելքն է, բոլորիս համար աղետալի ու արյունալի հետևանքով։

Մեծ հաշվով, հեղափոխական  Happy End-ների պատմություններն ավելի քիչ են, քան ձախողումների ու վատ սցենարների: Որքանո՞վ կհաջողվի մեզ՝ հայերիս, պահպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը, կկարողանա՞նք արդյոք կասեցնել և թույլ չտալ սորոսականներին և արևմտյան այլ էքսպանսիաների հեղինակներին խարխլել մեր պետության հիմքերը, կհասկանա՞ ու կսատարի՞, արդյոք, ժողովուրդը այս մտայնությամբ պայքարող ուժերին, ցույց կտա ամենազոր ժամանակը:

Բայց այդ ժամանակն արդեն պետք է չափել ոչ թե Հայաստանի, այլ Աշխարհի ժամային գոտիներով, որովհետև հեղափոխական տենդն այլևս մոլորակի գլխավոր մղձավանջներից է, հետևապես բոլորիս մտահոգության ու պատասխանատվության առարկան:

Ռուբեն Արամյ

Similar Posts