նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Նոր արտագաղթ․ հետպատերազմական աղետ Հայաստանի համար

Արցախյան վերջին պատերազմից հետո հայության համար, դժբախտաբար, բոլոր երևույթների չափման միավորը հենց նույն պատերազմն է կամ ավելի ճիշտ՝ դրա տխրահռչակ ելքը մեզ համար։ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի կողմից վավերացված հայտնի համաձայնագրի ծանր հետևանքները օրեցօր դեֆորմացնում են մեր պետական ու հասարակական ողնաշարը։

Եվ այս ամենը մի վարչապետի օրոք, որն իր երկիմաստ մտագարություններով, ստերով ու շեղված նկարագրություններով շարունակում է ոչ թե զարմացնել, այլ արդեն վաղուց զայրացնել հայության մեծ մասին։ Կատարվածի թիվ մեկ պատասխանատուն ես եմ, բայց գլխավոր մեղավորը ես չեմ – մոտավորապես նման զավեշտ է տիրաժավորում Նիկոլ Փաշինյանը, որի դավադիր քաղաքականության հետևանքով գրեթե ամեն օր առերեսվում ենք տհաճ անակնկալների։

Ի թիվս այլ ու խնդրահարույց երևույթների, այս օրերին հատկապես մտահոգիչ է հայաստանցիների զանգվածային ցանկությունը՝ օր առաջ լքել երկիրը։ Հայաստանից դեպի Ռուսաստան կանոնավոր չվերթի ժամանակավոր վերսկսումից հետո Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում գոյացել են մարդկային մեծ կուտակումներ, մարդիկ չեն երկմտում արտերկիր մեկնել, նույնիսկ այն դեպքում, երբ տոմսերի գները միայն մեկ ուղղությամբ շեշտակի թանկացել են։ Հայտնի է, որ «Զվարթնոց» օդանավակայանն ամբողջ փետրվարը կաշխատի նախակարանտինյան ռեժիմով. սովորականի պես Երևանից Մոսկվա չվերթերն ամենապահանջվածն են։

Իհարկե, ամենահեշտը Հայաստանը լքող քաղաքացիներին մեղադրելն է, թե բա՝ ծանր պահին հեռանում եք հայրենիքից, ձգտում եք հեշտ ու բարեկեցիկ կյանքի և այլն և այլն։ Բայց նման պոռթկումները որքան բնական, նույնքան էլ միակողմանի են, որովհետև մարդ արարածը գոյատևելու կենսական իրավունք ու պահանջմունք ունի։ Ավելին, շատերի հետ զրուցելիս հասկանում ես, որ մարդիկ առաջին հերթին պանդխտության ծանր ու անորոշ ճանապարհն ընտրում են ոչ թե այն պատճառով, որ երկրում հետպատերազմական դժվարին ժամանակներ են, սոցիալ-տնտեսական գահավիժումներ և այլն, այլ որ խորապես հիասթափված են գործող իշխանություններից, նրանց ապաշնորհ ու ապազգային կառավարումից, անփորձ պատեհապաշտների վարած քաղաքականությունից։ Մեկ բառով՝ մարդիկ ցանկանում են Արդարություն ու Արդար Դատաստան։ Պահանջում են Օրենքի գերակայություն և պատասխանատվություն, մի բան, որն այդպես էլ չտեսան փաշինյանական ռեժիմի օրոք։

Եթե հայաթափությունը մեր դարավոր թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի նույնքան հինավուրց երազանքն է, ապա դրա մեղավորը ոչ թե այս երկու պետություններն են, այլ առաջին հերթին մեր երկրի գործող իշխանությունները, որոնք շախմատային մեծ պարտիան տանուլ են տվել և մնացել մերկ ու անմեղսունակ «Արքայի» հույսին։ Ազգակործան թագավորացուն էլ, գերազանցելով ցինիզմի բոլոր սահմանները, հայտարարում է իր շարունակական պատասխանատվության, բայց ոչ երբեք անդառնալի սխալների ու մեղքի մասին։ 

Մինչև այդ, ի դեպ, արտագաղթող և ոչ միայն արտագաղթող հայության բաց վերքին հերթական աղն է լցրել ՀՀ վարչապետին կից սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Տաքուկ ԱՄՆ-ից Հայաստանում ժամակավոր ու վճարովի գաստրոլներ տվող սույն պաշտոնյան կարծում է, որ մարդիկ` շոկային վիճակից դուրս գալուն զուգահեռ, արտագաղթի հետ կապված իրենց մտադրությունները կսկսեն փոխել։ Նա համոզված է՝ Հայաստանը լքելու ցանկություն այսօր ավելի շատ մարդ ունի, քան կլինի վաղը։ 

Ռուբեն Արամյան

Similar Posts