Հասարակություն | նորություններ | Քաղաքականություն

Ադրբեջանը կարող է ընկալվել հաղթող, բայց դա չի կարգավորում ճգնաժամը, ինչպես Հայաստանի հաղթանակը քառորդ դար առաջ․ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդում է, որ Ռուսաստանը կարող է ավելի շուտ ձգտել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քան լուծել այն: Համապատասխան տեսակետը նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը: Նա խոսել է Վաշինգտոնում տեղակայված «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից անցկացված վեբինարի ժամանակ: Այս մասին, panorama.am-ի փոխանցմամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունը կբարձրանա այն փաստից, որ ռուս խաղաղապահները կարծես երկարաժամկետ կմնան Լեռնային Ղարաբաղում», – ասել է Քենթը:

Միևնույն ժամանակ, նկարագրելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նա, ըստ էության, մեղադրել  Ռուսաստանին հակամարտությունը երկարաձգելու մեջ, և մեջբերել է նաև Վրաստանի ԱԳՆ ղեկավարի անանուն տեղակալի խոսքերը:

«Վրաստանի փոխարտգործնախարարներից մեկը նոյեմբերին ասաց. «Սա այն իրավիճակն է, որում մենք [Վրաստանը] գտնվում էինք 1998 թ.-ին։ Այնուհետ Ադրբեջանը կհայտնվի այն իրավիճակում, որում մենք [Վրաստանը] գտնվում էինք 2008 թ.-ին։ Եվ հետո նա կհայտնվի այն իրավիճակում, որում մենք այժմ [Վրաստանը] ենք գտնվում»։ Սա բավականին հոռետեսական, բայց թերևս իրատեսական գնահատական է, թե ինչպես է Ռուսաստանը շահարկում հակամարտությունը՝ առանց իրականում ձգտելու կարգավորել խնդիրը և թույլ տալու, որ երկրները [Հայաստան և Ադրբեջան] առաջ շարժվեն», – ասել է Քենթը:

Միևնույն ժամանակ, Քենթը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի շուրջ:

«Մենք բոլորս ողջունում ենք անցած նոյեմբերին ռազմական գործողությունների ավարտը, երբ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը առաջ քաշեց [հրադադարի] պայմանները», – ասել է նա:

Ամերիկացի դիվանագետի տեսանկյունից, «անվտանգության տեսանկյունից, մնում է հիմնական մարտահրավերը. Ինչպե՞ս մոտենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն այնպես, որ երկու երկրներին թույլ տրվի հասնել վերջնական համաձայնության վերջնական կարգավիճակի վերաբերյալ։ Ադրբեջանը կարող է ընկալվել որպես պատերազմում հաղթող: Սակայն դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը, ճիշտ այնպես, ինչպես [այն ժամանակ, երբ] Հայաստանը, հնարավոր է, հաղթել էր առաջին պատերազմում՝ քառորդ դար առաջ», – ասել է Քենթը:

Նրա խոսքով ՝ մինչ այժմ կարգավորումն ընթանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և «համանախագահների գործընթացում, որը համատեղ ղեկավարում էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը»:

«Կարծում եմ, որ այս մեխանիզմը որոշ մարտահրավերների է բախվում: Կա՞ արդյոք իսկական հետաքրքրություն, որ մենք շարունակենք», – հարց է բարձրացրել Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Նրա կարծիքով, Մինսկի խումբը «կմնա առանցքային այնքանով, որքանով որ երկու երկրներն իրենք պատրաստ կլինեն լիազորել համաձայնության ձեռքբերման մեխանիզմը»:

«Ռուսաստանի մտադրությունը մնում է մեկ այլ բաց հարց։ Նա [Ռուսաստանը] որոշեց չհասնել հրադադարի պայմանների վերաբերյալ համաձայնության Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով։ Նա այն ապահովեց ուղիղ, եռակողմ ֆորմատով», – ասել է դիվանագետը։

Նա շեշտեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Բաքուն և Երևանը հետաքրքրված են դրանով:

«Այնքանով, որքանով Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ են խաղաղ կարգավորման և Մինսկի խմբի համանախագահների գործընթացի լիազորությունները օգտագործելու հարցում, Միացյալ Նահանգները մնում են պատրաստ և հավատարիմ երկու երկրներին օգնելու ճանապարհ գտնելուն», – ասել է Քենթը։

Բացի այդ, նա կանխատեսել է, որ «դա, հնարավոր է, այլ բարենպաստ հնարավորություններ է բացում», այդ թվում`Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ապագայում, այնուամենայնիվ, սա «գուցե ոչ այս ամիս և ոչ այս տարի», բայց միայն հեռավոր ապագայում, ընդունել է Քենթը:

Similar Posts