Հասարակություն | նորություններ

Հայաստանի տնտեսությունը գահավիժում է․պատերազմի և համավարակի պատճառած վնասները

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանն այսօր՝ Ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել պարենի անվտանգության ոլորտում իրենց կառույցի իրականացրած ուսումնասիրությունները:

Նրա խոսքով, 2020 թվականի օգոստոսից իրենք լուրջ ուսումնասիրություններ են կատարել՝  որոշելու, թե պարենի անվտանգության առումով ինչ խնդիրներ կարող են առաջանալ համավարակի, պատերազմի և հետպատերազմական շրջանում:

«Հողերը հանձնելու կամ կորուստների հետևանքով մենք ունենք հնարավորությունների նվազում՝ ցորենը թե՛ Արցախից ներմուծելու, թե՛ տեղերում աճեցնելու առումով»,-նշել է Մակարյանը։ Նրա խոսքով, հացահատիկային ապրանքների մատակարարման և բերքի առումով հիմնականում խնդիրներ չեն եղել, բայց արցախյան պատերազմից հետո, երբ  ցանքատարածքներ ենք կորցրել և բազմաթիվ տարածքներ հայտնվել են սահմանի եզրագծին՝ ապագայում խնդիրներ են առաջանալու:

«Կարագի, ձեթի, մակարողենի հարցում Հայաստանը էականորեն ինքնաբավ չէ, քանի որ ձեթի 98 տոկոսը ներմուծում է, նույնը նաև կարագը: Մրգերի, բանջարեղենի առումով հանրապետությունը ինքնաբավ է, իսկ ահա թռչնի մսով 27 տոկոսով ենք ինքնաբավ, խոզի մսի առումով՝ 65 տոկոս, տավարի մսով՝ 73 տոկոս, ոչխարի մսով՝ 115 տոկոս»:

Մակարյանը մտահոգիչ մեկ այլ փաստ է նշել․

«Տավարի առումով էլ խնդիրներ կունենանք, քանի որ բավականին մեծ թվով անասուններ մորթվել կամ գողացել են: Այս ժամանակահատվածում 40 հազար կով մորթվել է և մենք էական վնասներ կունենանք այդ առումով»։

Ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերված մյուս խնդիրն, ըստ Մակարյանի, այն է, որ  0.5-2 հեկտար գյուղացիական նշանակության փոքր հողատարծների կեսը չի մշակվում՝ տարբեր պատճառներով՝ անորակ սերմնացուների, գումարներ չունենալու, պարարտանյութի ու ջրի գների, աշխատուժի և տեխնիկայի բացակայության պատճառով:

Similar Posts