նորություններ | Հայեր | Հասարակություն | Քաղաքականություն

Ինչո՞ւ իրավապաշտպանները Արցախ չեն այցելում, և ինչո՞ւ են խախտվում լրագրողների իրավունքները․թեժ քննարկում՝ ԱԺ-ում

Աժ այսօրվա նիստին ՀՀ օմբուցմեն Արման Թաթոյանը քննարկման է ներկայացրել ՄԻՊ գրասենյակի կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվությունը։

«Ես անընդհատ հարց եմ բարձրացնում. Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելել եւ չի այցելում Ղարաբաղ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց պահվածքով, ըստ էության, լուրջ վնաս են հասցրին մարդու իրավունքների պաշտպանության ապահովման համակարգին»,-ընդգծել է Օմբուցմենը:

«Դուք պարտավոր եք լիովին աջակցել մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, որպեսզի երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը չհակասեն անվտանգության խնդիրներին»,-նշել է Թաթոյանը:

Ի թիվս այլ հարցերի, ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է նաև լրագրողների իրավունքների ոտնահարման նախադեպերին։

Վերջին շրջանում ավելացել են լրագրողների հարցերին պատասխանելու անհիմն մերժումները. նման տեսակետ էլ հնչեցրեց ԱԺ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն, կամ գոնե իրականությանը համապատասխանող տեղեկատվություն։ Բայց այսօր ՀՀ-ում ունենք իրավիճակ, երբ լրատվամիջոցները դիտավորությամբ ապատեղեկատվություն են տարածում՝ տագնապ մտցնելու համար։

Որպես ՄԻՊ՝ դուք ծրագրեր ունե՞ք այս ուղղությամբ ավելի արդյունավետ գործիքակազմեր ներառելու»,- նշել է իշխանական պատգամավորը։

«Այո՛, պետությունը պետք է պայքարի դրա դեմ։ Բայց նաև պետք է հասկանանք՝ այդ պայքարում սխալներ թույլ տրվո՞ւմ են, թե՞՝ ոչ։ Օրինակ՝ մեր ուսումնասիրություններով՝ վերջին շրջանում ավելացել են լրագրողների հարցերին պատասխանելու անհիմն մերժումները, հարցումներին ուշ պատասխանելը։

Պատկերացրեք՝ մի իրադարձություն է տեղի ունենում, լրագրողը հարցում է ուղարկում, պետությունն ի վերջո պատասխանում է, բայց ուշացնում է այդ պատասխանը։ Արդյունքում՝ այդ վակուումը լցվում է ապատեղեկատվությամբ։ Ուստի պետությունն ինքը պիտի թույլ չտա, որ վակուումներ առաջանան»,- ի պատասխան ասել է Արման Թաթոյանը։

Similar Posts