նորություններ | Իրադարձություններ | Հայերի երկիր | Հասարակություն

«Հայրենիքից երկար նեղանալ հնարավոր չէ, միայն պետք է վստահություն ստեղծել»․Կարինե Տոնոյան

Հայաստանի ներհասարակական, ներքաղաքական ու ներքաղաքացիական գունապնակում խոստանում է համազգային ուրույն գույն ու երանգ բերել «5165» ազգային շարժումը։ Անունն իսկ վեհ է ու պարտավորեցնող․Արարատ լեռան բարձրությունն անվանում ընտրած շարժումը ազգային ու պետականամետ ծրագրերով ու գաղափարներով լի մարդկանց համար է։  Նպատակն է միասնությամբ կերտել հզոր և կենսունակ Հայաստան։ Ուրիշ ի՞նչ հեռահար ծրագրեր ու նպատակադրումներ ունի նորաստեղծ շարժումը, որոնք են գործունեության գլխավոր ուղղությունները և ինչպե՞ս են պատկերացնում հայոց պետականության վերազարթոնքի ուղիները։

Այս ու այլ հարցերի շուրջ Armenia.IM-ը զրուցել է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության տնօրեն, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանի հետ։


1․ Տիկին Տոնոյան, համազգային ցավերն ու իղձերը լայնորեն տեսանելու՝ պատկերավոր ասած Արարատի բարձունքից նայելու համար անպայման չէ լինել Արարատի լանջերին կամ գագաթին։ Ի՞նչ պատկեր եք տեսնում հիմա, որտեղ ենք հայտնվել, ինչու ենք հայտնվել․․․


Մենք հիմա Արարատի վիհում ենք, անդունդում, իսկ հայտնվել ենք այդտեղ, որովհետև 30 տարվա սխալ վարած կառվարման, կրթական, մշակութային, սոցիալական և այլ քաղաքականության արդյունքում այնքան ընկավ ժողովրդի մակարդակը, որ նա ընտրեց փաշինյանին: Փաշինյանը նախորդ բոլոր իշխանությունների պտուղն է, և սա անհերքելի փաստ է:

2․Քաղաքական ու հասարակական լայն շրջանակների, այդ թվում նաև ձեր հիմնադրած «5165» ազգային շարժման լուրջ մտահոգությունն է հարուցել տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոր փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ։ Դուք մասնավորապես պահանջել եք, որ կառավարությունը ժողովրդին կոնկրետ հաշվետվություն տա, թե ինչ բանակցություններ են ընթանում վերջին 6 ամիսների ընթացքում։ Կմանրամասնե՞ք ձեր պահանջը։


Եթե անգամ տեղեկացված էլ չլինես, անհերքելի է, որ բանակցություններ են ընթանում ալիևի և փաշինյանի միջև. «առանց ակնոցի» էլ ակնհայտ է, որ ալիևը այս պահին զբաղված է  Հայաստանի ներքաղաքական կյանքի միջամտությամբ, փաշինյանին սատարելով, օրինակ փաշինյանը դժվարանում է կատարել իր տված խոստումները կատարել, ալիևը օգնում է զորքերը առաջ տալով, նախապես պայմանավորվելով չկրակել: Նմանատիպ մի «օգնություն» էր նաև մեր զինվորների նվաստացման այն տեսանյութը, որով ալիևը օգնում էր իր շատ ձեռնտու գործընկերոջը՝ ժողովրդին մի քիչ էլ հուսահատեցնել, որ հանկարծ չհամարձակվի ընդվզել. բա որ հանկարծ պատերազմ սկսվի:


         Իսկ այն ուժերը, որ փաշինյանին բերել են իշխանության, շատ լավ կազմակերպում են նրանց միջև «համագործակցային կոմունիկացիան:

3․ Անդրադառնանք «5165» շարժման բուն առաքելությանը․ ապրիլի 25-ին կայացել է ձեր անդրանիկ համագումարը, որին, եթե չեմ սխալվում, հաջորդել են մասնագիտական հանձնաժողովների նիստեր և այլն։ Մեծ հաշվով՝ նպատակադրված եք ստեղծել հզոր ու կենսունակ Հայաստան։ Ի՞նչ մարտավարությամբ եք շարժվելու՝ բաղձալի նպատակին հասնելու համար։


Մեր նպատակները բազմաթիվ են և բազմաբնույթ: Այս պահին ամենահրատապ հարցը վարչապետի պաշտոնակատարի ապօրինի և հայրենադավ գործարքներից և ընդհանրապես այս իշխանություններից ազատվելն է:

Ապա Հայաստանի սահմանների անվտանգության կոմիտե ստեղծելն է, որը կնպաստի այսօր մեր սահմանների պաշտպանունակության և սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակի ուսումնասիրությամբ և հնարավոր աջակցությամբ:  

Հաջորդ նպատակն է արդեն ձևավորված տարոլորտ պրոֆեսիոնալների թիմով ընտրությունների մասնակցությամբ մտնել ԱԺ և պայքարել նաև իշխանության ներսից՝ համակարգաշեն կառավարություն ստեղծելու համար:  Ընտրություններին մասնակցելու նպատակներից է նաև նոր քաղաքական մշակույթ ձևավորելը և չկողմնորոշված հանրությանը ընտրության հնարավորություն տալը:

Երկարաժամկետ նպատակն է հասարակական շարժման միջոցով ժողովրդի մտածողության փոփոխությունը՝ համարյա մշակութային հեղափոխության պես մի բան, որը մենք կանենք առավել արդյունավետ, եթե իշխանական լծակներ ձեռք բերենք, ապա թե՝ ոչ, տարաբնույթ միջոցառումներով և գիտակրթական ծրագրերով:

4․ Նկատելի և ողջունելի է միաժամանակ, որ «5165» -ի շարքերում բավականին ազդեցիկ, անբասիր կենսագործունեությամբ աչքի ընկած մասնագետներ ու գործիչներ են։ Մասնագիտական բանկի համալրումները շարունակվու՞մ են, ինչ ընթացակարգով կարող են մարդիկ դիմել, անդամակցել ձեր շարժմանը։

      -Մեր սկզբունքը սա է՝ յուրաքանչյուր մարդ, որը չունի իր գործունեությամբ մեր պետությանը պատճառած ապացուցելի վնաս, կիսում է շարժման արժեհամակարգային, գաղափարական մոտեցումները և ցանկանում է ծառայել Հայրենիքին, կարող է համալրել մեր շարքերը՝ էլեկտրոնային հայտագրմամբ: Իսկ մասնագիտական կարողությունների համապատասխան կարող է նաև համալրել մեր ոլորտային հանձնաժողովների շարքերը:

5 Ձեր համախոհները, գաղափարակից ընկերները նշում են, որ «5165» շարժման անկյունաքարը համերաշխությունն ու համախմբումն է: Այդ իմաստով, կարևորում եք նաև Սփյուռքի ծանրակշիռ դերն ու դերակատարությունը։ Սփյուռքին, կարծեք, նեղացրել ենք, օտար ափերում ապրող մեր հայրենակիցները վերջերս հիասթափված են ու լուռ։ Ի՞նչ անել։

      -Նշեմ, որ մեր շարժման ստեղծման ակունքներում կանգնած են նաև  սփյուքահայ հայորդիներ, որոնք այս պահին մեզ օգնում են ամեն ինչով, անգամ համալրելով մեր շարքերը, ցավոք առանց ընտրվելու իրավունքի, որը կարծում եմ հետագայում լուրջ քննարկման հարց պետք է լինի: Ասեմ նաև, որ շարժումը մեծ արձագանք է գտել Սփյուռքում և արդեն հրավեր ունենք մեր ամերիկահայ և եվրոպական համայնքներից, որոնք կկազմակերպենք ընտրություններից և Երկրում կայուն վիճակ ստեղծելուց հետո: Բայց այս պահին էլ մենք սերտ համագործակցում ենք և շուտով կստանանք մեծ օգնություն՝ մեր սահմանների և զինվորների նյութատեղնիկական ապահովվածության մեծ աջակցություն:

Հայրենիքից երկար նեղանալ հնարավոր չէ, միայ պետք է վստահություն ստեղծել:

Similar Posts