նորություններ | Քաղաքականություն

Սեյրան Օհանյանը պատասխան է պահանջում Նիկոլ Փաշինյանից

Վարչապետը պետք է մեկնաբանի՝ որտեղից իրեն այդ տվյալները։

Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Գլխավոր շտաբի հայտարարությունն արվել է Սերժ Սարգսյանի դրդմամբ։ 

«Հասկանալի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կանգնած են բանակի կազմավորման ակունքներում, և իրենք ունեն իրավունք խոսելու բանակի գեներալների և զինվորականների հետ, բայց եթե Սերժ Սարգսյանն է կանգնած այդ հայտարարության հետևում, այդ տեղեկություններն իրեն որտեղի՞ց»,- պարբերականի հետ զրույցում նշել է Օհանյանը։  

Նրա խոսքով՝ պատերազմական իրավիճակում «Իսկանդերի» մասին իրականությանը չտիրապետելը պատիվ չի բերում ցանկացած գերագույն գլխավոր հրամանատարի։ 

«Վարչապետ կոչեցյալը ե՞րբ չի իր ասածները փոխել։ Ինքը մի բան խոսում է, մի արտահայտություն անում է, հետո ինքը կամ իր թիմակիցներն են հղկում իր ասած սխալները։

Ինքը չի տիրապետել իրականությանը։ Հատկապես՝ պատերազմական վիճակում  նման լուրջ զինատեսակի վերաբերյալ իրականությանը չտիրապետելը պատիվ չի բերում ցանկացած գլխավոր հրամանատարի։ Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ միայն գերագույն գլխավոր հրամանատարի, այլ նաև հասարակ սերժանտի ունակություններ էլ չունի»,- նշել է Սեյրան Օհանյանը։ 

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի հայտարարությանը, որով նախագահ Արմեն Սարգսյանին կոչ է արվում ստորագրել Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատման առաջարկը, Օհանյանը շեշտել է, որ իրենք չունեն բարոյականության և մասնագիտական այն աստիճանը, որն ունի Գլխավոր շտաբի պետը։ 

«Անվտանգություն խորհուրդը ենթարկվում է վարչապետին, ինչ ասես կարող է ասել, բայց իրենք պետք է հեռու մնան բանակից, ձեռքերը հեռու պահեն Գլխավոր շտաբի պետից, որովհետև իրենք չունեն բարոյականության և մասնագիտական այն աստիճանը, որն ունի Գլխավոր շտաբի պետը»,- ավելացրել է Սեյրան Օհանյանը։



Similar Posts