Հայեր | Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

Համանախագահները նոր հայտարարություն են տարածել․անդրադարձ է եղել նաև ռազմագերիների խնդրին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել։

Համանախագահները գոհունակությամբ նշում են հրադադարի ռեժիմի ամրապնդումը և ուշադիր հետևում են 2020 թ. նոյեմբերի 9-ին կողմերի կողմից ձեռք բերված համաձայնության կատարմանը: Համանախագահները ողջունում են զոհերի աճյունների վերադարձի հետ կապված նշանակալի ձեռքբերումները և հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, հումանիտար օգնության և կյանքի համարժեք պայմանների տրամադրման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը:

Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ լրացուցիչ ջանքեր են պահանջվում՝ մնացած մտահոգիչ ոլորտներում հարցերը լուծելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար: Դրանք ներառում են հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձին` միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան, բոլոր տվյալների փոխանակումը, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացում, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանում և պաշտպանություն և հակամարտությունից տուժած համայնքների, ինչպես նաև մարդկանց միջև վստահության ամրապնդում։

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա` համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին լավ հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա:

Այս առումով համանախագահները կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:

Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը միասին վերանայեն և համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների:

Համանախագահները նաև իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (PRCiO) շարունակական գործունեությանը և առաքելության հնարավոր ընդլայնմանը և կողմերին կոչ են անում լիարժեք հասանելիություն և աջակցություն ցուցաբերել նրա ջանքերին: Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական դերը: Այս առումով համանախագահները կողմերին հիշեցնում են իրենց երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան:

Similar Posts