նորություններ | Քաղաքականություն

UNICEF-ի ներկայացուցիչը՝ պրոադրբեջանական լրտե՞ս․հերթական հարվածը՝ Հայաստանի իմիջին

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ կառավարության՝  Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը:

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ:

Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է Աննա Նաղդալյանը:

Կին դիվանագետը Հայաստանում աշխատանքի է անցել 2020թ. հուլիսին:

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր, որ ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Շտապողականությունը, ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով․

«Այլ կերպ ասած՝ ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել»։

Տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են շրջանառվում, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»: 

«Մենք բոլորս լրատվամիջոցներից ենք իմացել»։ Այս մասին էլ Tert.am–ի հետ զրույցում ասել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը:  

Նա նշել է, որ ոչինչ չի կարող ավելացնել։

Ինչ վերաբերում է լուրերին, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, Զառա Սարգսյանն ասել է հետևյալը․

«Այս պահին ինձ թվում է՝ բոլորս պետք է հիմնվենք ԱԳՆ–ի հրապարակածի վրա, որտեղ այդ բառը ես չեմ տեսել»։

«Թե ինչ խնդիրներ կան, որոնց պատճառով ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել UNICEF ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ չգիտի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է իշխանական պատգամավորը և հավելել․

«Եթե լրտեսությամբ է զբաղվել, դա լրիվ այլ թեմա է, եթե անգործություն է ցուցաբերել կամ էլ ոչ պատշաճ աշխատանք՝ այլ թեմա է»։

Հ․Գ

Ամեն դեպքում, կատարվածը հերթական հարվածն է մեր երկրի հեղինակությանը, մյուս կողմից էլ՝  ի ցույց է դնում մեր իշխանությունների անհեռատեսությունը, ռազմավարական ու անվտանգային հարցերում դիլենտանտությունը, կամ, միգուցէ, դիտավորությու՞նը՝ գործակցելու արտաքին, ապազգային ուժերի հետ։

Հարցերի պատասխանը կտա ամենազոր ժամանակը, իսկ որ մտահոգիչ հարցերն անվերջ են, կասկածից վեր է․․․

Similar Posts