նորություններ | Հայերի երկիր | Քաղաքականություն

Հայրենասիրության մասին բաժակներ չխկացնելու փոխարեն գիտակցենք, որ լցվել է բոլորիս համբերության բաժակը

Անառարկելի փաստ է, որ երկիրը տոտալ աղետի վերածած գործող իշխանությունները ավերել են բոլոր, անխտիր բոլո՛ր բնագավառները և, որ ամենակարևորն ու ցավալին է, սպառել են պետության ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԻՏԱԼԻ՝ ՀՀ քաղաքացու ներուժն ու խաչել նրա ճակատագիրը։

Հայրենասիրությունը ամենից հեշտ ճանապարհն է ցանկացած պատասխանատվությունից խուսափելու համար։ Հայրենիքի մասին բանաստեղծություն գրելով՝ մտավորականը, գրողը հայտարարում է, թե ինքը կատարում է իր մասնաբաժին հայրենանվեր առաքելությունը, իր բաժին քայլը։ Նա ճիշտ է ասում, բայց իր ասածն ու արածը լիարժեք չեն։ Որովհետև հայրենասիրությունը ամենօրյա սևագործ աշխատանք է, քայլ է, շարժում է, տրոփող օրգանիզմ։

Հասարակությունն ու պետությունը, միգուցէ, կարող են ներդաշնակ չլինել, բայց հանրությունն իր ներսում չի կարող աղճատված, ոչ ներդաշնակ լինել։ Հասարակական հարմոնիան, խնդրում եմ, չշփոթել ժողովրդավարության հետ։ Դեմոկրատիա կոչվող տերմինն ու ստահոդ լոզունգը հորինել և կոչումով՝ ազատամիտների, իսկ իրականում՝ կամազուրկների վզին են փաթաթել աշխարհի ուժային կենտրոնները, առանձինները, այսպես կոչված ՝ կոսմոպոլիտ-անդեմ-բիոզանգվածները․․․

Անկախ ներքաղաքական զարգացումներից, այս կամ այն քաղաքական ուժի կամ դերակատարի վերաբերյալ մեր տածած հակակրություններից ու համակրություններից, մենք պիտի առաջնորդվենք ոչ թե հուզաշատ հայրենասիրությամբ, այլ հայրենիքի նկատմամբ մեծ պատասխանատվության զգացումով։ Հայրենիքը սկսվում է մեզնից, Հայրենիքը մեր հավաքական կերպարն է, ոչ թե իշխանությունների կամ կուսակցությունների։

Մենք Հայրենիքի աղբահավաքը պիտի լինենք՝ նրանից մաքրություն ու գրավչություն ակնկելուց առաջ։ Մենք սպառողի, օրաբավի կարգավիճակից պետք է վերափոխվենք սահմանապահի, սահմանազատողի ու սահմանադրականի։

Տներում, համակարգիչների առջև, կաբինետներում ու բիսետկաներում քաղաքական մտքեր ծամելու ու տիրաժավորելու ժամանակներն անցել են։ Բռունցքվել է հարկավոր՝ հանուն մեր արժանապատվության վերջին եզերքների՝ Հայաստանի ու Արցախի և հանուն համայն հայության ԳՈՅՈՒԹՅԱՆ․․․

Հայրենասիրության մասին բաժակներ չխկացնելու փոխարեն ՄԵԿԸՆԴՄԻՇՏ գիտակցենք, որ արդեն լցվել է բոլորիս համբերության բաժակը, լցվել ու ճաք է տվել։

Պարտավոր ենք օր առաջ, ժամ առաջ փրկել Հայրենիքը աղտեղություններից, օտարածին ու թունավոր հեղուկներից, նյութերից, քանի որ համբերության բաժակի մեջ գոյացած ու արդեն պարպվող ջուրը հրապարակներում չի վերաճել արյան ․․․

Similar Posts